Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է պատասխանել այն մաքսերին, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նման դիրքորոշում է հայտնել նաև Չինաստանը՝ խոստանալով «կոշտ պատասխան քայլեր»։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծման վրա սահմանում է լայնածավալ մաքսեր։ Չինաստանի համար սահմանված տոկոսադրույքը կազմել է 34%, Եվրոպական միության համար՝ 20%, Ճապոնիայի՝ 24%, իսկ Հնդկաստանի՝ 26%։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԱՄՆ քայլերը «լուրջ հարված են», որին Եվրոպան պատրաստ է պատասխանել, գրում է Current time-ը։
«Ունիվերսալ մաքսերը, որ հայտարարել է ԱՄՆ-ն, լուրջ հարված են հասցնում ամբողջ աշխարհի ձեռնարկություններին և սպառողներին։ Եվրոպան պատրաստ է պատասխան տալ։ Մենք միշտ կպաշտպանենք մեր շահերն ու արժեքները։ Մենք նաև պատրաստ ենք համագործակցության։ Եվ փոխել դիմակայությունը երկխոսությամբ», – գրել է նա X-ում։
Լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը նշել է, որ կիսում է Թրամփի կարծիքը «անարդար շահույթների» մասին, որոնք առաջացել են գլոբալ առևտրային համակարգի թերությունների պատճառով։ Սակայն նրա համոզմամբ՝ նոր մաքսերը չեն օգնում այդ համակարգի բարեփոխմանը։
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը ավարտին է հասցնում պատասխանի մշակումը ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի վրա սահմանված մաքսերին, ինչպես նաև պատրաստում է հաջորդ քայլերը՝ «իր շահերն ու բիզնեսը պաշտպանելու նպատակով, եթե բանակցությունները տապալվեն»։
Չինաստանն էլ հայտարարել է, որ նախապատրաստում է «կոշտ հակաքայլեր»՝ ի պատասխան Վաշինգտոնի մաքսերին։ Այդ մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
«Չինաստանը վճռականորեն դեմ է դրան, մենք հաստատորեն կձեռնարկենք պատասխան քայլեր՝ մեր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Չինաստանի առևտրի նախարարության կարծիքով՝ ԱՄՆ սահմանած մաքսերը, որոնք հիմնված են «սուբյեկտիվ և միակողմանի գնահատականների վրա», խախտում են միջազգային առևտրի կանոնները, վնասում են համապատասխան կողմերի օրինական իրավունքներին ու շահերին և «համարվում են միակողմանի ահաբեկման տիպիկ օրինակ»։
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին «անմիջապես չեղարկել» մաքսային միջոցառումները և «արդար երկխոսության միջոցով կարգավորել տարաձայնություններն իր առևտրային գործընկերների հետ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանից ներկրվող ապրանքների համար։ Սա նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։