AM
12 April 2025 - 10:40 AMT

ԱՄՆ 36 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

ԱՄՆ-ի 36 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

Կոնգրեսականները՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի գլխավորությամբ, Ռուբիոյին ուղղված կոչով պահանջել են, որ «Գլոբալ Մագնիտսկու» ակտի դրույթների համաձայն պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են հայերի հանդեպ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։ Դրանք ներառում են ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների անօրինական կալանքները, նրանց նկատմամբ կիրառված բռնությունները և կեղծ դատական գործերը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։

Այս նախաձեռնության առնչությամբ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է․ «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզոր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պետք է կանգնի արդարության և պատասխանատվության կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը և անհապաղ պահանջում են «Մագնիտսկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են պատերազմական հանցագործությունների և հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մեջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, ադրբեջանական զորքերը դուրս բերել հայկական տարածքներից և, իհարկե, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրավունքը՝ արժանապատվորեն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։

Նամակագիրները շեշտել են, որ «մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով պահում է առնվազն 23 հայտնի հայ ռազմագերիներ, որոնք գերվել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ և դրանից հետո», և նախազգուշացրել են, որ «այս քաղաքական պատանդները ենթարկվում են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի»։

Նրանք մատնանշել են նաև, որ ադրբեջանական անպատժելիության հետևանքները բացասաբար են ազդում տարածաշրջանի վրա՝ նշելով․ «Հայ բարձրաստիճան անձանց կեղծ դատավարությունները խաթարում են վստահության ձևավորման միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղության համար։ Քաղաքական կալանավորների և ռազմագերիների ազատ արձակումը կարևոր քայլ է արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»։

Նամակի վերջում կոնգրեսականներն ընդգծել են անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը․ «Մենք հավատում ենք, որ «Մագնիтсկու պատժամիջոցները» կարևոր գործիք են՝ ռազմագերիների ազատման համար ճնշում գործադրելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան կանխելու համար»։

Դինա Տայթուսն շարունակաբար հանդես է եկել որպես ԱՄՆ վարչակազմին կոչ անող հիմնական ձայն՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, իսկ Քրիս Սմիթը՝ «Գլոբալ Մագնիтсկու ակտի» համահեղինակն ու Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, մշտապես պաշտպանել է հայության իրավունքները։