Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը ԵԱ-2011 ընտրական խաղերից առաջ վերջին ուսումնամարզական հավաքում թիմ է հրավիրել չորս լեգիոներների, այդ թվում Բելոռուսի «Բատէի» հարձակվող Հովհաննես Գոհարյանին, բելգիական «Ստանդարտ» եւ «Բրյուգե» ակումբների կիսապաշտպաններ Հրաչ Յահանին եւ Մասիս Ոսկանյանին, ինչպես նաեւ կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանին գերմանական «Համբուրգից»: Դանիացի մասնագետի խոսքերով, Շվեյցարիայի եւ Թուրքիայի հավաքականների դեմ խաղերում լեգիոներների մասնակցությունը դեռ հարցականի տակ է:
«Ինչ վերաբերում է հայ լեգիոներներին, ապա երկուսը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն: ՀՖԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի լուծի այդ խնդիրները: Ինչ վերաբերում է Լեւոն Հայրապետյանին, նա կարող է խաղալ: Հիմնականում Լեւոնը խաղում է «Համբուրգի» երկրորդ թիմի համար: Նա հաճախակի վնասվածքներ ստանալու հետեւանքով խաղային ոչ մեծ փորձ ունի, եւ ես պետք է տեսնեմ նրան, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեմ: Մասիս Ոսկանյանը երկար ժամանակ դաշտ դուրս չէր գալիս վնասվածքի պատճառով, բայց այժմ խաղում է բելգիական «Բյուգեի» երկրորդ թիմում: Նրա փաստաթղթերը տվյալ պահին պատրաստ չեն, եւ ամենայն հավանականությամբ չի մասնակցելու առաջին երկու ընտրական խաղերին: Ես նրան հրավիրել եմ, որպեսզի հավաքի ժամանակ ծանոթանամ նրա խաղին»,- նշել է Սերիցլեւը:
Նա նաեւ նշել է, որ Հովհաննես Գոհարյանի մասնակցությունը եւս հարցական է, քանի որ բելգիական «Բատէի» հարձակվողը վերջին խաղերում հիմնականում պահեստայինների մեջ է եղել եւ համապատասխան խաղային փորձ չի ստացել:
«Հովհաննես Գոհարյանը փաստաթղթերի խնդիր չունի, եւ նա նույնպես կարող է հանդես գալ հավաքականի կազմում: Բայց քանի որ վերջին խաղերում նա համարյա դաշտ դուրս չի եկել, նրա մասնակցությունն առաջիկա խաղերին հարցականի տակ է եւ կախված է նրա մարզավիճակից: Ինչ վերաբերում է Հրաչ Յահանին, ապա նա մեզ վրա շատ լավ տպավորություն է թողել Էստոնիայի հավաքականի հետ ազգային հավաքականի նախնական մարզումների ժամանակ: Արդեն այն, որ նա խաղում է «Ստանդարտում» եւ շատ հաճախ է խաղադաշտ դուրս գալիս, խոսում է նրա բարձր մակարդակի մասին: Եվ եթե մենք հասցնենք ժամանակին կարգավորել նրա բոլոր փաստաթղթերը, ապա նա զգալիորեն կուժեղացնի մեր հավաքականը: Տվյալ պահին ես նրա մասնակցության հնարավորությունը գնահատում եմ 50-50: Մենք ամեն ինչ կանենք նրա համար, որպեսզի Յահանը դուրս գա խաղադաշտ»,- ասել է Սերիցլեւը: