AM
30 Ապրիլ 2025 - 06:22 AMT

Եվրոպացի պատգամավորը Կալասին հարցրել է, թե արդյոք Բայրամովը պարտավորվել է հայրենադարձնել հայ պատանդներին

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում մեծ նշանակություն ունի տարածաշրջանային համագործակցության խթանման, ինչպես նաև խաղաղության, կայունության և բարեկեցության ապահովման առումով՝ ընդգծելով դրա դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում։

Կալասը նման հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ Էմանուիլ Ֆրագկոսի գրավոր հարցերին, հայտնում է Արմենպրեսը։

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք «Ջեյհուն Բայրամովի հետ Կալասի հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին և երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներին համապատասխան»։ Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ»։

Ի պատասխան՝ Կալասը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավական պետության սկզբունքների պահպանումը մնում են ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը Ադրբեջանի հետ համագործակցության գործընթացում։

«ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ իրենց գործողությունները համապատասխանեն ներպետական ​​և միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան պարտավորություններին: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների աճի առթիվ։ Այս համատեքստում ԵՄ-ն մշտապես կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ազատազրկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար: Այս ուղերձները հրապարակայնորեն և երկկողմանի են փոխանցվել բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բարձր ներկայացուցչի/Փոխնախագահի մակարդակով»,- գրավոր հարցադրմանը պատասխանել է Կալասը։

Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ավարտը՝ կոչ անելով կողմերին պահպանել առաջացած դինամիկան և ապահովել ողջ գործընթացի սահուն ավարտը։ Կալասը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ ներկայությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում կարևոր են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։

Հոկտեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը, որով մերժվել է Ալիևի բռնապետական ​​ռեժիմի հետ սովորական հարաբերությունների վարումը։