AM
30 Ապրիլ 2025 - 08:11 AMT

Վազգեն Սրբազան․ Ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել ՀՀ բարձրագույն պաշտոնյային

Սոցիալական հարթակներում լայն տարածում է գտել և ակտիվորեն քննարկվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տալլին կատարած այցի ժամանակ հնչեցրած խոսքը։ Նա որոշ պարզաբանումներ է տվել իր ելույթի վերաբերյալ՝ նշելով, որ ցանկացել են օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել ՀՀ բարձրագույն պաշտոնյային, հայտնում է News.am-ը։

«Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել : Մնացածի մասով վերստին ափսոսում եմ:

Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։ Ամեն դեպքում պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը։,–ասել է Միրզախանյանը:

Մայր Աթոռի տարածած հաղորդագրության վերաբերյալ հարցին սրբազանը չի պատասխանել։

Մայր Աթոռի ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ ասվում էր, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի «որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն»։

Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեց Փաշինյանի այցի ժամանակ Միրզախանյանն ասել է․ «Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որոնք ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ․․․Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել:Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, ձեզ և բոլոր բարի առաքելությունները: Բարի եկաք»։