Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այն մեղադրանքները, թե Մոսկվան հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։
Զախարովան ափսոսանք է հայտնել այն հռետորաբանության համար, որին վերադարձել է Սիմոնյանը՝ նշելով, որ նման հարձակումները և վիրավորանքները սազական չեն խորհրդարանի խոսնակի կերպարին։
«Ես սա որպես մամուլի քարտուղար եմ ասում»,–հավելել է Զախարովան՝ անդրադառնալով Սիմոնյանի բնութագրին, որը նրան «մամուլի քարտուղար էր» անվանել, գրում է Edaily-ն։
Մեկնաբանելով «Հանրապետություն» կուսակցության այն հայտարարությունը, թե Ռուսաստանի դեսպանատունը մասնակցություն է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին՝ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում սկսել են կիրառել «ցավալիորեն ծանոթ բրյուսելյան ձեռնարկները»։
«Ինչեր ասես չենք լսել տարբեր երկրներից մեր, իբր, միջամտության մասին, ինչում ասես չեն փորձել մեղադրել։ Հետո պարզվել է, որ այդ ամենը ֆեյք է, սուտ և ապատեղեկատվություն»,–ասել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ «հիբրիդային պատերազմի» մասին պնդումներն անհիմն են․ Հայաստանի ղեկավարները հրավիրվում Մոսկվա տոնական միջոցառումների, և երկրների միջև բարձր մակարդակով ու ԱԳՆ ուղիներով պարբերական կապ է պահպանվում։
Մայիսի 5-ին Սիմոնյանը հայտարարել է, թե «հյուսիսային հարևանը հիբրիդային պատերազմ է վարում» Հայաստանի դեմ և կանխատեսել է, որ դա կուժեղանա 2026 թվականի ընտրություններից առաջ։






