AM
14 Մայիս 2025 - 06:38 AMT

«Նոան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցաշրջանի վերջին տիտղոսի համար մրցել են Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Նոան» ու Հայաստանի Սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիան»: «Նոան» պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղը սկսվել է նախատեսվածից 13 րոպե ուշ՝ տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Արմենպրեսը։

Մրցավեճի սկզբում երկու թիմերն էլ փորձել են գրոհներով սպառնալ միմյանց դարպասներին, սակայն «Նոան» ավելի ակտիվ և վտանգավոր է գործել հարձակման գծում։ Մինչև 40-րդ րոպեն «Արարատ-Արմենիան» կազմակերպված է գործել պաշտպանությունում։ Սակայն հակագրոհի ընթացքում Հելդեր Ֆերեյրան արագ կողմնորոշվել է տուգանային հրապարակում ու բացել է խաղի հաշիվը։ Դրանից ընդամենը երեք րոպե անց «Արարատ-Արմենիան» վերականգնել է հավասարակշռությունը՝ Մարիուս Նուբիսիի դիպուկ հարվածի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին «Նոան» կրկին առաջ է անցել՝ այս անգամ օգտագործելով Հենրի Ավագյանի սխալը։ Հավասարակշռված պայքարի պայմաններում Հելդեր Ֆերեյրան կրկին դարձել է գոլի հեղինակ։

Խաղի ընթացքում «Նոային» հաջողվել է նաև երրորդ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը՝ այս անգամ Մատեուշ Այասի հեռահար հարվածով։

Եզրափակչի արդյունքը՝ «Նոա»–«Արարատ-Արմենիա»՝ 3:1։ Այս հաղթանակով «Նոան» պատմության ընթացքում երկրորդ անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ընդգծել է, որ իր կարծիքով՝ եզրափակիչ խաղում հաղթանակն արժանի էր, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք արժանի էինք այս հաղթանակին: «Նոան» լավ խաղ ցուցադրեց խաղադաշտում: Հրաշալի առաջին խաղակես ունեցանք: Մեր բաց թողած գնդակից հետո «Արարատ-Արմենիա»-ն առավել վտանգավոր էր գործում: Հստակ գիտեինք, որ երկրորդ կեսում պետք է ընդգծված փոփոխություններ կատարել»,- ասել է Ռուի Մոտան։

Ըստ մասնագետի` «Նոա»-ն լավ աշխատանք կատարեց «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում, որը ուժեղ մրցակից էր եզրափակչի համար: