AM
19 Մայիս 2025 - 11:49 AMT

Լավրովն աշխատանքային այցով ՀՀ–ում կլինի մայիսի 20–21–ին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20–21-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

ՌԴ ԱԳ նախարարը հանգամանալից բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Նախատեսված է նաև Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ։

Լավրովը Հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական համայնքի առջև, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:

«Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն», – ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։