AM
24 Մայիս 2025 - 09:44 AMT

Բաքվի դատական ֆարսի շրջանակում հարցաքննել են Հարությունյանին, հիշատակել Ժիրայր Սեֆիլյանին

Շինծու գործերով Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող դատական ֆարսի շրջանակում ցուցադրվել է ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա պատասխանում է պետական մեղադրողների հարցերին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեղադրյալը նստած տանկի վրա Սամվել Կարապետյանի հետ և դիտում է տարածքը բինոկլով։

Պետական մեղադրողների հարցերին պատասխանելիս Հարությունյանը հայտարարել է, որ տեսանյութում հնչեցրած իր հայտարարությունները սուտ են և ներկայացվել են իր եղբոր անունից։ Աղդամի շրջանի Գյուլլուջա գյուղի գրավման մասին հայտարարությունների վերաբերյալ նա պարզաբանել է. «Երբ ասացի, որ մենք մտել ենք Գյուլլուջա, նկատի ունեի 8-րդ գունդը», գրում է Minval.az-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Հարությունյանը հայտնել է, որ ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը մայիսին, իսկ հունիսին խնդրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել նիստ։

«Ես ցանկանում էի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ և հասնել վերջնական համաձայնության։ Այս խոսակցությունը ներառում էր նաև ՄԱԿ-ի չորս բանաձևերը»,–ասել է նա։

Բաքվի դատարանի նիստում հայտարարվել է, թե «շատ կարևոր փաստեր են ի հայտ եկել» և անդրադարձել Ժիրայր Սեֆիլյանի կենսագրությանը, նրա մասնակցությանը Շուշիի ազատագրմանը։ |եշտվել է, որ նա ծնվել է Բեյրութում։

Նաև կադրեր են ցուցադրվել ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի և Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ։

ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպաններից մեկը բողոքարկել է՝ պահանջելով նրան փոխարինել առողջական խնդիրների պատճառով։ Ղուկասյանը նշել է, որ չի առարկում պաշտպանին փոխարինելու դեմ։ Դատարանը որոշում է կայացրել մեղադրյալին նոր պաշտպան նշանակել և ուղարկել է այն Ադրբեջանի փաստաբանների կոլեգիա, գրում է Minval.az-ը։

Դատական գործընթացը կշարունակվի մայիսի 26-ին։