AM
26 Մայիս 2025 - 08:14 AMT

Նիկոլա Ազնավուրն ու կինը՝ Վարդանյանի ծննդյան օրվա առիթով․ Ձեր քաջությունը ոգեշնչում է շատերիս

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել շինծու գործով Բաքվի բանտում պահվող բարերար Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առիթով։

«Սիրելի՛ Ռուբեն, այս յուրահատուկ օրը ցանկանում ենք մի պահ կանգ առնել և ասել, թե որքան կարևոր դեր ունեք մեզ համար՝ ոչ միայն որպես ընկեր, այլև որպես մարդ, ում նվիրումը Հայաստանին և հայ ժողովրդին անջնջելի հետք է թողել մեր ազգի նորագույն պատմության մեջ։ Մենք վաղուց ենք հիանում Ձեր ուժով, տեսլականով և ապագայի համար սերունդների հանդեպ կատարած հետևողական աշխատանքով։ Դուք երբեք չեք վախեցել համարձակ քայլերից, դժվար ճշմարտություններ ասելուց կամ ծանր պատասխանատվություն կրելուց՝ մշտապես առաջնորդվելով հայրենիքի հանդեպ խորը սիրով և պարտքի զգացումով։

Այսօր, երբ դիմագրավում եք Ձեր կյանքի ամենադժվար փուլերից մեկը, մեր մտքերը ավելի քան երբևէ Ձեզ և Ձեր ընտանիքի հետ են։ Հուսով ենք, որ այս ծննդյան օրն այս պայմաններում Ձեզ մի պահ ջերմություն կպարգևի՝ հիշեցում, որ մենակ չեք, և որ Ձեր քաջությունը ոգեշնչում է շատերիս։ Մենք լիահույս ենք, որ կգա այն օրը, երբ կրկին կկարողանանք ողջունել Ձեզ ազատության մեջ և միասին շարունակել այն գործը, որին խորապես հավատում ենք»,–ասվում է ուղերձում։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով իր ավելի վաղ հղած աուդիոուղերձում շեշտել էր, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա 23 օր հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընթացող դատական ֆարսի դեմ։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։