Հունիսի լույս 16–ի գիշերը Իրանը նոր հրթիռային հարված է հասցրել Իսրայելին, Իսրայելը հարվածել է Իրանի կենտրոնական մասի հրթիռային օբյեկտներին, հայտնում է BBC-ն։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ՝ Հոսեյն Կերմանպուրը հայտարարել է, որ Իսրայելի հարվածներից 224 մարդ է մահացել, տուժել է ավելի քան 1200–ը:
«Սիոնիստական ռեժիմի 65 ժամ տևած ագրեսիայի արդյունքում զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը հասել է 1481-ի, որոնցից 1277-ը հոսպիտալացվել է երկրում գործող պետական համալսարանների կլինիկաներում: Զոհվել է 224 մարդ»,–գրել է նա X-ի իր միկրոբլոգում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների ավելի քան 90 % քաղաքացիական անձինք են, ներառյալ կանայք և երեխաներ:
Իսրայելի տարածքի ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, իսկ հոսպիտալացվածների թիվը՝ 87-ի, ինչպես տեղեկացնում է Իսրայելի շտապօգնության ծառայությունը՝ «Մագեն Դավիդ Ադոմ» (MDA), հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շտապօգնության բուժակներն ու MDA-ի պարամեդիկները հաստատել են չորս մարդու՝ երկու կնոջ և երկու տղամարդու մահը, բոլորն էլ մոտ 70 տարեկան են։ Այս պահին MDA-ի խմբերը հոսպիտալացրել են 87 տուժածի», — նշված է շտապօգնության ծառայության հաղորդագրության մեջ։
Հունիսի 15–ի դրությամբ Իսրայելի ռազմաօդային և ռազմածովային ուժերը խոցել են ավելի քան 100 անօդաչու սարք, որոնք արձակվել էին Իրանի տարածքից դեպի Իսրայել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ինչպես նշել է բանակի մամուլի ծառայությունը, «օպերացիայի մեկնարկից ի վեր ռազմաօդային ևեւ ռազմածովային ուժերը խոցել են Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 100 անօդաչու թռչող սարք»։
Բացի այդ, մամուլի ծառայությունը հավելել է. «Օդային պաշտպանության համակարգերն ու հրթիռային նավերը մշտապես աշխատում են զսպել և վերացնել սպառնալիքները»։
Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։






