AM
2 June 2009 - 13:43 AMT

Վարագ Աղաջանյանը Եվրոպայի թեկվանդոյի պատանեկան առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի

Հայաստանի թեկվանդոյի երիտասարդական հավաքականը (մինչեւ 17 տ) մեկ մեդալով ավարտել է իր ելույթները Եվրոպայի 17-րդ առաջնությունում, որը տեղի էր ունենում մայիսի 27-31-ը Շվեդիայի Թրելլեբորգ քաղաքում: Վարագ Աղաջանյանը (51 կգ ք/կ), հաջորդաբար հաղթելով ռումինացուն, բրազիլացուն եւ բոսնիացուն, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է թուրք թեկվանդոիստ Սեիթան Ակբալիկին եւ արժանացել բրոնզե մեդալի:

Հայաստանի եւս երկու ներկայացուցիչներ` Հայկազ Սամվելյանը (մինչեւ 59 կգ ք/կ) եւ Վահագն Աղեկյանը (մինչեւ 67 կգ ք/կ), պարտվելով քառորդ եզրափակիչ մենամարտերում, զբաղեցրել են 5-րդ տեղերը:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Թեկվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը, այդ արդյունքը կարելի է դրական համարել, քանի որ 5-6 տարիների ընթացքում հայ պատանիները մեդալների չեն արժանացել:

«Ինձ համար այդ արդյունքը բավարար է , քանի որ ես ոսկե մեդալ էի սպասում Հայկազ Սամվելյանից: Բայց, ամբողջությամբ վերցրած, սա առաջընթաց է»,- ասել է Ղահրամանյանը:

Նա նաեւ հայտնել է, որ Հայաստանի թեկվանդոյի հավաքականը (մինչեւ 15տ կադետներ) ութ մարզիկների կազմում գլխավոր մարզիչ Զորայր Մեկինյանի ղեկավարությամբ հունիսի 24-ին կժամանի Զագրեբ (Խորվաթիա), որտեղ հունիսի 26-28-ը կմասնակցի կադետների շարքում Եվորպայի առաջնությանը, որը հաշվով երրորդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայի թեկվանդոյի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ իրանացի մասնագետ Ռահիմ Սամեխի ղեկավարությամբ ներկայացրել են Հայկազ Սամվելյանը (59 կգ ք/կ), Վահան Հարությունյանը (55 կգ ք/կ), Վարագ Աղաջանյանը (51 կգ ք/կ), Գուրգեն Հարությունյանը (63 կգ ք/կ) եւ Վահագն Աղեկյանը (մինչեւ 67 կգ):

WTF վարկածով Եվրոպայի թեկվանդոյի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: