Տասնյակ տարիների մարտական գործողություններից հետո «Քրդիստանի աշխատավորական կուսակցության» 30 անդամ՝ Իրաքի քրդական մասում, հրապարակավ այրել են զենքը Իրաքում սիմվոլիկ արարողության ժամանակ: Պայմանավորվածության համաձայն, նրանք Ժասանա քարանձավի մոտ են դրել իրենց զենքերը՝ հրացաններ և մեկ գնդացիր, և այրել են 300 դիտորդների առջև։
Այս արարողությունը կարևոր հանգրվան է PKK‑ի գործունեության մեջ՝ խորհրդանշելով անցումը զինված պայքարից քաղաքականի։ Վերլուծաբանների կարծիքով՝ ռազմական դիրքերի սասանումն է ստիպել նրանց գնալ դրան, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, օգտվելով հնարավորությունից, հայտարարել ապաստամբներին հաղթելու մասին, գրում է The Turkish Minute–ը։
Մարտիկները հերթով մոտենում և նետում էին զենքերը փոսը, որը հետո հրկիզեցին։ Ոմանք ծափահարում էին, ոմանք՝ լաց լինում։
«Հանուն «խաղաղության և ժողովրդավարական հասարակության» գործընթացի գործնական հաջողության՝ … մենք կամավոր կերպով ոչնչացնում ենք մեր զենքերը՝ ի նշան բարի կամքի և վճռականության։ Մեր ցանկությունն է, որ այս քայլը խաղաղություն և ազատություն բերի»,–ասվում է PKK-ի հայտարարության մեջ։
Անկարան ողջունել է արարողությունը՝ այն որակելով որպես «անվերադարձ շրջադարձ» խաղաղության ճանապարհին։
«PKK-ի զինյալների կողմից Սուլեյմանիայում զենքի վայր դնելը՝ ընթացիկ զինաթափման և ապառազմականացման գործընթացի երրորդ փուլի կարևոր հանգրվան է, որը մենք համարում ենք հստակ և ողջունելի քայլ», «Մենք այս զարգացումը համարում ենք անշրջելի շրջադարձ»,–ասել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան։
Արարողությունը տեղի է ունեցել ամիսներ տևած անուղղակի պայմանավորվածությունների ֆոնին, որոնք PKK-ի բանտարկված հիմնադիր Աբդուլլա Օջալանի և Անկարայի միջև սկսվել էին հոկտեմբերին՝ Էրդողանի աջակցությամբ և DEM կուսակցության միջնորդությամբ։
Ժասանա քարանձավում, որը ժամանակին եղել է քրդական տպարանի վայր, ներկա էին Իրաքի Քրդստանի նախագահի՝ Նեչիրվան Բարզանիի, վետերան առաջնորդ Մասուդ Բարզանիի և Քրդստանի հայրենասիրական միության (PUK) ներկայացուցիչները։ Այստեղ էին նաև թուրքական հետախուզության ներկայացուցիչներ, ԴԵՄ կուսակցության պատգամավորներ ու լրագրողներ։
«Ես հավատում եմ քաղաքականության և սոցիալական խաղաղության ուժին, այլ ոչ թե զենքին։ Եվ կոչ եմ անում գործնականում իրականացնել այս սկզբունքը», ասել է Օջալանը այս շաբաթ՝ վերահաստատելով, որ զինաթափման գործընթացը կիրականացվի «անհապաղ»։ Էրդողանն իր հերթին նշել է, որ PKK-ի զենքի վայր դնելու գործընթացի մեկնարկից հետո խաղաղության ջանքերը կընթանան ավելի ակտիվ։
PKK-ն զենքը բարձրացրել էր 1984-ին՝ սկսելով գործողություններ Թուրքիայի տարածքում, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 40,000 մարդ։ Մայիսին PKK-ն հայտարարեց լուծարման մասին և հայտնեց, որ անցնում է ժողովրդավարական պայքարի՝ պաշտպանելու քրդերի իրավունքները՝ համաձայն Օջալանի պատմական կոչի։ 1999-ից բանտարկված Օջալանը կոչ էր արել արագ և «անհապաղ» զինաթափվել։






