AM
15 Հուլիս 2025 - 06:39 AMT

Թրամփ․ ՀՀ և Ադրբեջանի հակամարտությունը, կարծես թե, մոտենում է հաջող հանգուցալուծման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հայ – ադրբեջանական հակամարտության լուծումը շատ մոտ է։

Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ, թվարկելով աշխարհի մի շարք հակամարտություններ, Թրամփը հիշատակել է նաև հայ – ադրբեջանականը և կարծիք հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտենում են տարաձայնությունների կարգավորմանը, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք մի հարց ևս լուծել ենք։ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը կարծես թե մոտենում է հաջող հանգուցալուծման», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հույս էր հայտնել, որ շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ–ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։

«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. – «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», – ասել է նա։