ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրումը կարող է ոչ պատահական լինել և բխել ԱՄՆ կողմից «Զանգեզուրի միջանցքը» վարձակալելու մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերի տրամաբանությունից։
Ավելի վաղ Թոմաս Բարաքը թույլ էր տվել մի սցենար, ըստ որի՝ ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալությամբ ստանձնել վերահսկողությունը այն ճանապարհի նկատմամբ, որը դարձել է վեճի առարկա Երևանի և Բաքվի միջև։ Նա այդ ճանապարհը բնութագրել էր որպես «32 կիլոմետրանոց վեճ», առանց հստակեցնելու, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզին՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքին։
Կոնստանտին Զատուլինը նշել է, որ ԱՄՆ նախաձեռնությունը կարող է ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր, գրում է Sputnik Արմենիան։
«Կարծում եմ՝ սա լիովին իրատեսական հեռանկար է։ Եվ նույնիսկ կարծում եմ, որ վերջին շրջանում սրված հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, արհեստականորեն խթանվել են հենց այն նպատակով, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին», — նշել է նա։
Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում նման ճանապարհի վերահսկողությունն ակնկալվում էր հանձնել ռուսական զորքերին կամ ներկայացուցիչներին։ Բայց այսօր, ըստ նրա, այդ հարցը չի մտահոգում ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին։ Նա կարծում է, որ կողմերն ակնկալում են նոր ուժերի մուտք այդ տարածաշրջան, և այդ պայմաններում Մոսկվայի հետ խորհրդակցելու կարիք պարզապես չեն տեսնում։
«Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանն իրականում բարձրաձայնել է այն, ինչի շուրջ արդեն պայմանավորվում են», — ամփոփել է պատգամավորը։
Հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամը հրապարակել էր մի հոդված, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Բաքվին առաջարկել էր տրանսպորտային ճանապարհի ստեղծում, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը։
Հուլիսի 10-ին ԱՄԷ-ում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հաղորդագրություններում մանրամասներ չէին նշվում, սակայն ադրբեջանական մամուլը նշել էր, որ քննարկվող հարցերից մեկն էլ «Զանգեզուրի միջանցքի բացումն ու զարգացումն» է եղել։ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի համար ընդունելի է «ճանապարհԸ միջազգային կազմակերպությանը արտապատվիրակելու» տարբերակը։
Բարաքի հայտարարությանն արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ «հայաստանյան տարածքի մի հատվածի փոխանցումը երրորդ կողմի հսկողությանն ուղղակիորեն անընդունելի և իրավական տեսակետից անհնար է»։






