Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում, և կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։
«Հավանաբար, ավելի լավ է չափազանց շատ պատրանքներ չփայփայել Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ընդհակառակը, Հայաստանը նրան պետք է որպես թշնամի՝ իր իշխանությունն ամրապնդելու և սեփական ժողովրդի իրավունքների խախտումներն արդարացնելու համար»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին լարվածությունը, ինչպես նաև Իսրայել-Իրան պատերազմը կարող են ազդեցություն ունենալ Բաքվի վրա։
«Վերջին հաշվով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով»,-ընդգծել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորը։
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։






