Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Երևանը կարծում է, որ բազմավեկտոր քաղաքականություն է վարում։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը՝ Պեսկովը նշել է, որ միաժամանակ Երևանը հետաքրքրված է ՇՀԿ–ով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ դա Հայաստանի սուվերեն գործն է։
«Միաժամանակ, նրանք (ՀՀ ղեկավարությունը՝ խմբ․) հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն ՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ վերջին տարիներին Հայաստանը փորձել է հավասարակշռել իր արտաքին քաղաքական ուղղությունները։ Նրա խոսքով՝ այժմ հստակ է, թե ինչ օգուտներ է տվել Հայաստանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը, իսկ ԵՄ-ի հետ մերձեցման արդյունքները դեռ պետք է պարզել։
«Վերջին մի քանի տարիներին մենք նկատում ենք հավասարակշռման ձգտում տարբեր ուղղություններով։ Մենք գիտենք, թե կոնկրետ, օրինակ, ինչ է բերում Հայաստանին ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Տեսնենք, թե կոնկրետ ինչ է բերելու ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ համեմատությամբ է ճանաչվում», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն չի թվում, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը չափազանց կտրուկ է արտահայտվում։
Նրա խոսքով՝ չնայած բազմակողմ ձևաչափերին, Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ և մտադիր է շարունակել այդ համագործակցությունը։
«Բազմակողմ ձևաչափերից բացի, մեզ միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերություններ, և մենք մտադիր ենք դրանք շարունակաբար զարգացնել», — ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հանրապետությունն ուզում է դառնալ ԵՄ անդամ, սակայն ընդգծել է, որ դա բարդ գործընթաց է։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունվարին հայտարարել է, որ Ռուսաստանը ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի քննարկումը դիտարկում է որպես Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջին քայլ և իր տնտեսական քաղաքականությունը ձևավորելու է՝ հաշվի առնելով այս իրողությունը։






