ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ կողմից «ներդրումներ անելու» հետևում ազդեցությունը տարածելու ցանկությունն է։ Նա հավելել է, որ դա պայմանավորված է ոչ թե երկիրը զարգացնելու ցանկությամբ, այլ նրա ներքին գործերին միջամտելու մղումով։
«Ֆինանասատնտեսական աջակցությունն արդեն վաղուց դարձել է Եվրոպական միության համար ոչ թե օգնություն, այլ լծակ ազդեցության համար երրորդ երկրների քաղաքականության վրա, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերում։ Մենք համոզված ենք, որ աջակցությունը երրորդ երկրների սոցիալ‑տնտեսական զարգացմանը և կարևոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը պետք է արվի բոլորովին այլ հիմունքներով»,–հայտարարել է նա ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովան հավելել է, որ օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է հարգել պետությունների ինքնիշխանությունը, պահպանել նրանց մշակութային ինքնատիպությունը և հաշվի առնել նրանց արտաքին և տնտեսական շահերը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը՝ ԵՄ–ին Հայաստանի անդամակցության նպատակի մասին՝ չնայած, որ ԵՄ–ն պաշտոնապես չի առաջարկել անդամակցություն։ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ այս օրենքը չի ենթադրում անդամակցության հայտ, այլ միայն արտահայտում է միության հետ հարաբերությունները խորապես զարգացնելու նպատակ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է. Հայաստանի կողմից ԵՄ–ին անդամակցելու օրինագծի քվորումը դիտվում է որպես ԵԱՏՄ–ից դուրս գալու կիրառելի նշան, և Ռուսաստանը կկառուցի իր տնտեսական քաղաքականությունը՝ հաշվի առնելով այդ հանգամանքը։






