AM
18 Հուլիս 2025 - 07:11 AMT

Շվեդիայի հայ համայնքն անթույլատրելի է համարում Սամվել Կարապետյանի հետապնդումը

Շվեդիայի Հայ ազգային միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը ասել է, որ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը համարում է անթույլատրելի՝ ընդգծելով, որ նման քայլերը վնաս են հասցնում համազգային միասնությանը։

«Անթույլատրելի է Սամվել Կարապետյանի հետապնդումը, նա հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը մարդասիրական և ենթակառուցվածքային նախագծերին, դժվարին ժամանակներում ցուցաբերված օգնությունը և հայկական ազգային արժեքներին անսասան նվիրվածությունը արժանի են հարգանքի, այլ ոչ թե քրեական հետապնդման», – նշել է Ասատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան ՌԻԱ Նովոստիի վրա հղումով։

Ասատրյանի դիտարկմամբ՝ իշխանությունների նման գործելակերպը խաթարել է հանրային վստահությունը պետական կառույցների հանդեպ։

Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել հունիսի 17-ին՝ նրա կողմից Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հրապարակային աջակցություն հայտնելուց հետո։ Կարապետյանն այն ժամանակ նշել է, որ որոշ փոքրաթիվ շրջանակներ, մոռանալով ազգային անցյալն ու եկեղեցու բազմադարյա պատմությունը, թիրախավորել են թե՛ եկեղեցին, թե՛ ամբողջ հայ ազգը։

Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանին հասցեագրված վիրավորական և սպառնալից գրառումներ է կատարել։ Քննչական կոմիտեն հետագայում հաղորդել է, որ գործարարի դեմ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն հիմնավորմամբ, որ նա զանգվածային լրատվամիջոցների միջոցով հարցազրույցի ընթացքում հրապարակավ կոչ է արել պետության իշխանությունն իրենց չվերապահված եղանակով վերցնելու։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և ներկայում պահվում է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Գործարարի փաստաբանական թիմը պնդում է, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքները որևէ հիմնավորում չունեն, իսկ կալանավորման որոշումը դիտարկում է որպես անօրինական։