AM
18 Հուլիս 2025 - 08:47 AMT

Բելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև է ընդունել ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։

Բանաձևն ընդունվեց միաձայն, հայտնում է Արմենպրեսը։

Փաստաթղթում հստակ արձանագրվել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ու այնտեղ բնակվող հայերի նկատմամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին։ Պատգամավորները շեշտել են, որ հարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

Բանաձևը հստակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։

Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ վերջինին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։

Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։

Բանաձևը ողջունում է խաղաղության պայմանագրի նախաձեռնությունը և ընդգծում դրա ստորագրման հրատապությունը։ Կոչ է արվում բոլոր կողմերին հարգել այդ պայմանագրի դրույթները։

Ներկայացուցիչների պալատը Բելգիայի կառավարությանը հորդորում է աջակցել ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննությանը, ընդլայնել Բելգիայի հյուպատոսական ներկայությունը Հայաստանում, խորացնել մարդասիրական և ռազմական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։

Ընդունված բանաձևով ԵՄ-ին ևս կոչ է արվում կիրառել թիրախային պատժամիջոցներ մարդու իրավունքներ խախտողների նկատմամբ, ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, եթե Բաքուն չցուցաբերի իրական պատրաստակամություն խաղաղության հասնելու ուղղությամբ։

Բանաձևի համահեղինակ, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դը Մաեգդը, խոսելով բանաձևի կարևորության մասին, նշել է, որ մի կողմից կա Ադրբեջանը, որն անընդհատ նոր նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության համար, մյուս կողմից կա Հայաստանը, որը բաց է երկխոսության համար և պահանջում է միայն մեկ բան՝ հարգել իր ինքնիշխանությունը։

«Մենք պետք է մնանք օրենքի և արդարության կողմում։ Բելգիան պետք է շարունակի աջակցել Հայաստանին և ավելի խորացնի իր համագործակցությունը նրա հետ։ Այս տեքստի քվեարկությունն այս գործընթացում կարևոր փուլ է, մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության ևս մեկ ապացույց»,- ասել է Մաեգդը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։