2025թ․ հուլիսի 1-ին ավարտվել է պետական սուբսիդավորմամբ արևային կայանների ձեռքբերման ծրագիրը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանել է այն հարցին, թե ինչն է դարձել ծրագրի՝ («Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շրջանակում արևային կայանների տեղադրման նպատակով ֆինանսական կառույցներից ներգրավված վարկերի տոկոսների սուբսիդավորում») դադարեցման պատճառը և արդյոք նախատեսվո՞ւմ է նոր սուբսիդավորման տարբերակ, հայտնում է Aysor.am-ը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ծրագիր մեկնարկելու նոր մտադրություն չկա, քանի որ արևային էներգետիկայի չափազանց արագ զարգացումը համակարգում հանգեցրել է լուրջ խնդիրների։
«Հաշվի առնելով Հայաստանում (այդ թվում նաև Ծրագրի շնորհիվ) արևային էներգետիկայի առաջանցիկ տեմպերով աճը, որը նաև Էներգետիկ համակարգում առաջացրել է լրջագույն խնդիրներ` արևային կայանների տեղադրում սուբսիդավորելու նոր ծրագիր սկսելու պլաններ այս պահին չկան»,-ասել են նախարարությունից։
Ինչ վերաբերում է սուբսիդավորման ծրագրի վերագործարկման հնարավորությանը՝ նախարարությունից հայտնել են, որ «Ծրագրի վերականգնման (առանց արևային կայանների կոմպոնենտի) մասին ևս այս պահին որևէ կոնկրետություն չկա»։
Ծրագրով արևային համակարգ տեղադրելու համար կար պետական սուբսիդավորում սկսած 0% տոկոսադրույքից: Հնարավոր էր տեղադրել արևային համակարգ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով։






