AM
18 Հուլիս 2025 - 10:22 AMT

Պետդեպը` ապաշրջափակման հարցում ԱՄՆ հնարավոր դերի մասին․ Պետք է Սպիտակ տան հետ ճշտել

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, պատասխանելով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման նախաձեռնությունների և այդ գործընթացներում ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին, ասել է, որ այդ հարցը «պետք է Սպիտակ տան հետ ճշտել»։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով այն հարցին, թե Վաշինգտոնն աջակցո՞ւմ է արդյոք հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցային ուղիների բացման հեռանկարների մասին օրեր առաջ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի կողմից արված հայտարարությանը՝ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ այդ հարցն անհրաժեշտ է Սպիտակ տան հետ ճշտել՝ հասկանալու, թե երկրի նախագահի վարչակազմն ինչ է մտածում դրա մասին։

«Բայց կարող եմ պարզապես ասել ձեզ, որ մենք, իհարկե, աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետևում ենք այնտեղի իրադարձություններին։ Մենք հետևում ենք։ Բայց ես ուզում եմ ձեզ համար ավելին իմանալ, քան դա, և մենք կանենք դա»,-ասել է Թեմի Բրյուսը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, օրեր առաջ նշել է, որ Միացյալ Նահանգներում նման խնդիրները հնարավոր կլիներ լուծել, օրինակ, ճանապարհը 100 տարով վարձակալելու տարբերակով, ինչը թույլ կտար բոլոր կողմերին օգտվել այդ ճանապարհից, սակայն հավելել է, որ Հարավային Կովկասում մշակութային տարբերությունները նման մոտեցման իրագործումը դժվարեցնում են։