Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ որևէ ազդակ չկա, և նման տարբերակը նա բացառել է։ Այս հայտարարությունը նա արել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի ընթացքում։
«Ես ամբողջությամբ բացառում եմ այդ տարբերակը, նույնիսկ որևէ նշան չկա, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին, նման բան չկա», –ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից՝ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու հնարավորության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ մարմինների նիստերին։
«Այսօր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին ներկա էր Հայաստանի լիազորված ներկայացուցիչը, ով հանդես եկավ հարցերի բովանդակության շուրջ, ուներ լիազորություն ստորագրելու մի շարք փաստաթղթեր»,–հավելել է Լեբեդևը։
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը ավելի հավանական է համարում, քան դրանում լիարժեք անդամակցությունը վերականգնելը։ Անցած տարվա դեկտեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները հասել են անդառնալիության կետի, իսկ սառեցումը տեղի է ունեցել իբր երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի պատճառով։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նման քայլը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը, իսկ կազմակերպության լիարժեք մասնակցությանը վերադառնալը ժամանակ կպահանջի։






