Հայաստանն ու Բուլղարիան փոփոխություն են կատարել միջազգային փոխադրումների համաձայնագրում։ Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, իսկ բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը։
Սոֆիայում կայացած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պաշտոնական հանդիպումների շարք է ավարտել Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի հետ երկկողմ հանդիպմամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-բուլղարական հարաբերությունների խորացումը՝ առանձնահատուկ ընդգծելով փոխգործակցության անհրաժեշտությունը տրանսպորտի, ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և մյուս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Կողմերը նաև նշել են համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ ու պատրաստակամություն են հայտնել զարգացնել գործակցությունը տարբեր հարթակներում։
Նախարար Հայրապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց արդյունավետությանը։
Հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային նախագիծը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային այլ ծրագրերի։






