Արևմտյան երկրները չեն գնի այն ապրանքները Հայաստանից, որոնք այժմ մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանում, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ո՞ւր գնանք, Եվրոպական միությո՞ւն։ Ի՞նչ կարող ենք այնտեղ վաճառել։ Գիտեք, այնտեղ ստանդարտներն ուրիշ են։ Թեև մեր ծիրանները շատ պետք լինեն, ստանդարտներն այնտեղ ուրիշ են, սերտիֆիկատներն՝ ուրիշ։ Մեզ ահռելի ժամանակ է հարկավոր (ամեն ինչ համապատասխանեցնելու համար – խմբ.), դա այդքան հեշտ չէ… Փաթեթավորում, փոխադրում, պահպանում՝ բազմաթիվ հարցեր կան։ Իսկ այստեղ (Ռուսաստանում) ուղղակի բերում ենք, շուկայում վաճառում ենք, ժողովուրդն ուտում է՝ բոլորը երջանիկ են», – ասել է նա։
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանի կողմնակից հայերի շրջանում ոչ ոք դեմ չէ Արևմուտքի հետ գործակցությանը։
«Ես միշտ ասել եմ. լսեք, ո՞վ է դեմ (Արևմուտքի հետ գործակցությանը,- խմբ․)։ Եկեք, ես էլ եմ ուզում ամերիկացիներին, որ աշխատենք նրանց հետ։ Ես էլ եմ ուզում եվրոպացիներին։ Բայց կվերցնե՞ն մեզ։ Մեր խնդիրնե՞րը կլուծեն։ Մեր անվտանգությո՞ւնը կապահովեն։ Մեր հացահատիկի հարցը կլուծե՞ն, որն ամբողջությամբ Ռուսաստանից ենք գնում՝ գրեթե ներքին գներով։ Գազ ենք գնում։ Իրե՞նք կտան։ Խնդրեմ, այդ դեպքում խնդիր չկա», – ընդգծել է նա։
Միաժամանակ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիները ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կարիք չունեն։
«Այնպես էլ գրեթե բոլոր հայերը ամերիկյան գրին քարտեր ունեն», – կատակել է նա։
Ապրիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է նախկինում խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով Հայաստանը հայտարարում է իր ձգտումը դեպի ԵՄ անդամակցություն, չնայած ԵՄ-ն պաշտոնական հրավեր չի արել։ Նշվում է՝ օրենքի ընդունումը չի նշանակում անդամակցության հայտ, այլ արտահայտում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ձգտումը։
Հունվարին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի կողմից այդ օրենքի քննարկումը Մոսկվայում ընկալվում է որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախանշան, և որ ՌԴ-ն այդ հիմքով կկազմի իր տնտեսական քաղաքականությունը ՀՀ նկատմամբ։






