AM
21 Հուլիս 2025 - 06:29 AMT

Հաջիև․ Բաքուն առաջարկել է նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց դեռ կան հարցեր

Ադրբեջանի նախագաի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայաթափված Շուշիում, որտեղ անցկացվում էր գլոբալ մեդիաֆորում, ասել է, որ հանդիպումն Աբու Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, եղել է կառուցողական և գործնական։ Նա կարևորել է այն առանձնահատկությունը, որ բանակցություններն անցել են առանց միջնորդի կամ երրորդ կողմի մասնակցության։

Հաջիևն ասել է, որ Աբու Դաբիի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև խաղաղ պայմանագրի կնքման հարցը։ Բաքուն առաջարկել է նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց դեռ կան հարցեր: Նա ասել է, որ քանի դեռ չի փոխվել ՀՀ Սահմանադրությունն ու չի լուծարվել ԵԱՀԿ ՄԽ–ն, դա կմնա քննարկումների դաշտում, գրում է Minval.az-ը։

«Ադրբեջանը, հիմնվելով կրեատիվ դիվանագիտության սկզբունքի վրա, առաջարկել է փաստաթղթի նախաստորագրում. իհարկե, կան զգայուն հարցեր, որոնք պետք է հաշվի առնել. մասնավորապես, խոսքը Հայաստանի սահմանադրության մասին, որի որոշ դրույթներ հակասում են խաղաղ կարգավորման ոգուն։ Նաև դեռ կարգավորված չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված հարցերը։ Մինչև այս քայլերը չարվեն, փաստաթղթի նախաստորագրումը կլինի հետագա քննարկումների առարկա», – ասել է նա։

Անդրադառնալով մինչև տարեվերջ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը՝ Հաջիևն ասել է, թե դժվար է ասել։

«Այս պահին դժվար է միանշանակ կանխատեսում անել»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախաստորագրման գաղափար կա։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Սկսել ենք խորհրդակցություններ, թե ինչպես գնալ առաջ, և նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա։ Դա քննարկվող տարբերակներից մեկն է, ինչը որոշակի պայմաններում կարող է լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այդքան իրատեսական», – ասել է վարչապետը։