Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել ՌԴ դեմ հայցով՝ AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։ Այդ մասին հայաթափված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր խնդրանքները կամ պահանջներԸ բնական են՝ ընդունել մեղքն այս աղետի համար, պատժել մեղավորներին, փոխհատուցում վճարել զոհվածների և տուժածների ընտանիքներին, ինչպես նաև AZAL–ին՝ օդանավի կորուստի համար»,–ասել է նա, հայտնում է APA-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանի օդային տարածքը փակ չի եղել մինչև ինքնաթիռի կործանումը։
«Մենք գիտենք ինչ է տեղի ունեցել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակել են միայն ինքնաթիռը խոցվելուց հետո։ Պատասխանատու են նաև այն անձինք, որոնք չեն հայտարարել նման գործողության մեկնարկը։ Ադրբեջանը պարբերաբար հարցումներ է ուղարկում Ռուսաստանի իշխանություններին, սակայն ստանում է միայն՝ «քննությունը շարունակվում է» գրությունը։ Կսպասենք քննության ավարտիին, բայց չենք մոռանալու միջադեպի մասին»,–ասել է նա՝ հավելելով, որ հայտնել են ռուսական կողմին, որ փաստաթղթային փաթեթ ենք կազմում միջազգային դատարան ներկայացնելու համար:
«Մենք գիտենք, որ սա ժամանակ կպահանջի. ինչպես մալազիական Boeing-ի դեպքում, երբ ավելի քան 10 տարի պահանջվեց, այնպես որ 10 տարի էլ կսպասենք, բայց արդարությունը պետք է հաղթի։ Ցավոք, այս անորոշ իրավիճակը չի նպաստում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին»,–ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը 2024թ․ դեկտեմբերի 25-ին ընկել էր Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ, կարող է խոցված լինել Ռուսաստանի ԶՈւ հակաօդային ուժերի կողմից։






