ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, մեկնաբանելով ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ երաշխիք են տալիս, որ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու, ասել է, որ չի կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա։
«Չեմ կարող երաշխավորել՝ էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա։ Ինչպես կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, գուցե երկու տարի հետո էներգետիկ ոլորտում այնպիսի գյուտ հայտնաբերվի աշխարհում, որ սակագները կիսով չափ նվազեն։
«Այդ հայտարարությանն առնվազն քաղաքականության հայտարարություն կարող եմ անել՝ չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա։ Բայց կարող եմ երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական, իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ՝ այդ թվում հարգելով տնտեսվարողի շահերը, իր եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։ Բայց որ սակագինը, սակագնի կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան, որևէ մեքենայնություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշումներ, իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ»,- ասել է Պետրոսյանը։
ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԷՑ Գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը չի կարող շարունակել պաշտոնավարել։ Նրա կարծիքով՝ Ղազինյանը դրանց պատասխանատվությունը կրողներից մեկն է, քանի որ հենց նրա պաշտոնավարման ընթացքում կառույցը հասել է ներկայիս վիճակին։ Ղազինյանն ասել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։






