AM
21 Հուլիս 2025 - 10:49 AMT

Ջերմուկը կստանա 6 մլն եվրոյի նոր աջակցություն զբոսաշրջության խթանման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ջերմուկում տեղի գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ նախարարության ծրագրերով 6 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսվում Ջերմուկ համայնքի համար՝ զբոսաշրջային գրավչության մեծացման նպատակով։

«Մեր առաջնային նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ զբոսաշրջիկները կունենան հիշարժան և լիարժեք փորձառություն, իսկ գործարարները՝ զարգացման կայուն հնարավորություններ՝ պետության կողմից ցուցաբերվող համապատասխան աջակցությամբ»,– նշել է Գևորգ Պապոյանը։

Քննարկման հիմնական թեմաները վերաբերել են Ջերմուկի տնտեսական ակտիվության խթանմանը, զբոսաշրջային ներուժի բարձրացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։ Նախարարը ներկայացրել է Ջերմուկի կլաստերային զարգացման ընթացիկ փուլը՝ ընդգծելով, որ քաղաքը ընդգրկվել է նոր վարկային ծրագրում որպես շահառու կողմ։

Հանդիպման ընթացքում տեղական գործարարները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները և մարտահրավերները։ Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունն շարունակելու է գործուն աջակցություն ցուցաբերել՝ իր լիազորությունների շրջանակում նպաստելով տեղական տնտեսության ամրապնդմանը և բիզնես միջավայրի կայուն զարգացմանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը։