AM
21 Հուլիս 2025 - 11:31 AMT

Իրանի ԱԳՆ խոսնակ․ Երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Նա նշել է, որ երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, բայց միշտ ընդգծել ենք, որ այդ գործողությունները, երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտեն որևէ երկրի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության»,- հայտարարել է Բաղաեին։

Նա ընդգծել է, որ որոշ դեպքերում, կովկասյան տարածաշրջանի մյուս երկրների պաշտոնյաների հայտարարությունները կարող են սխալ մեկնաբանվել։ Սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է, և այն բազմիցս ներկայացվել է:

Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։