AM
23 Հուլիս 2025 - 08:56 AMT

Բաքվի դատարանը մերժել է Վարդանյանի բողոքները

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործերով դատական ֆարսը, որի հերթական նիստում մերժվել են Վարդանյանի բողոքները։

Նրան շինծու մեղադրանքներ են ներկայացրել «մարդու դեմ ուղղված հանցագործությունների, ահաբեկչության, դրա ֆինանսավորման» և քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հանցագործությունների համար։

Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ նախաքննության փուլում ներգրավված թարգմանիչները եղել են ոչ մասնագիտական, ինչի պատճառով նա բողոք է հայտնել նրանց նկատմամբ, գրում է Minval.az-ը։

Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը՝ նշելով թարգմանիչների անունները, աջակցել է իր պաշտպանյալին։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը մեկնաբանել է բողոքը՝ նշելով, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, Ռուբեն Վարդանյանը չի նշել ոչ մի հստակ հանգամանք, որը կփաստեր թարգմանիչների ոչ մասնագիտացված լինելը, ինչպես նաև չի ներկայացրել որևէ ապացույց նրանց հնարավոր հետաքրքրվածության մասին։ Այս հիմքով նա միջնորդել է մերժել բողոքը։

Դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ բողոքը մերժվել է առանց քննարկման։

Հետագայում Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին՝ նշելով, որ ինքն ու իր փաստաբանը ծանոթացել են այս տարվա փետրվարի 25-ի դատական նիստի արձանագրություններին և համաձայն չեն դրանց որոշ կետերի հետ։ Նա նշել է, որ իր կարծիքով, դատարանը խախտել է միջնորդության քննարկման կարգը, ինչի հիմքով նորից դիմել է դատարանի կազմը փոխելու պահանջով։

Փաստաբան Բերմանը կրկին աջակցել է իր պաշտպանյալին։

Պետական մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, որ պաշտպանական կողմն իրավունք ունի դիտողություններ ներկայացնել նիստերի արձանագրություններին, սակայն դրանցում որոշ տեղեկությունների բացակայությունը կամ միջնորդության մերժումը չեն կարող հիմք հանդիսանալ դատավորների կազմի փոփոխման համար։ Այդ պատճառով նա առաջարկել է բողոքը մերժել, ինչն էլ արվել է։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում Բաքվում պահվող մյուս հայ գերիների, այդ թվում Արցախի ղեկավարների գործից։