Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ հանդիպմանը տեղեկացրել է նրան Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին։
Բայրամովը նաև տեղեկացրել է վրացական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած «տարածքներում իրականացվող շինարարական ու վերականգնողական աշխատանքների» մասին, գրում է Minval.az-ը։
Ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության ամրապնդման ջանքերի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության օրակարգային հարցերի շուրջ, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։






