AM
24 Հուլիս 2025 - 11:05 AMT

ՀԾԿՀ․ Տարեվերջին պարզ կլինի՝ էլէներգիայի սակագինը կբարձրանա, թե ոչ

ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, անդրադառնալով էլէներգիայի սակագների հնարավոր փոփոխության մասին հարցին, ասել է, որ սակագների հետ կապված հարցերը հստակեցվում են տարվա վերջում՝ երբ սակագների վերահաշվարկ է սկսվում, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե ոչ։

«Նախ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, հայտնում է Panorama.am-ը։

Լրագրողի դիտարկմանը, թե Կարապետյաններն իրենց միջոցներով կանխել են սակագնի աճը, իսկ ներկայում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու Մեսրոպյանն ակնարկում են հնարավոր թանկացման մասին, Մեսրոպյանը արձագանքել է՝ ինքը նման բան չի ակնարկում։

«Դուք տեսական հարց եք տալիս, ես ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա։ Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո, կարող է բարձրանալ, ոչ, չի բարձրանա:

Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- ասել է Մեսրոպյանը։

Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։