Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով Փարիզի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է արվում ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպատակ ունենալով արագացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն ու հասնել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակմանը։
Նախաձեռնության համահեղինակներն են Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետական աջ» խմբակցության ղեկավար, Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը, գրում է Արմենպրեսը։
Բանաձևում նշվում է, որ Ֆրանսիան պատմական և քաղաքական դեր ունի խաղալու տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին աջակցելու հարցում՝ որպես Հայաստանի բարեկամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առանցքային դերակատար։ Այս համատեքստում ընդգծվում է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։
Բանաձևում ընդգծվում է նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման պահանջը՝ շեշտելով, որ վերջիններիս նկատմամբ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարություններն Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման և Հայաստանի գոյությունը ժխտող ադրբեջանական համակարգված քաղաքականության շարունակությունն են:
Վերոհիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ֆրանսիացի խորհրդարանականների ներկայացրած բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիությանը կոչ է անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, Ֆրանսիայի կառավարությունից պահանջում է վերջնականացնել և մոտ ժամկետներում Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, իսկ ԵՄ-ից պահանջում է մեծացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցություն ծավալները:






