AM
24 Հուլիս 2025 - 12:59 AMT

Զախարովա. ԱՄՆ–ն ոչ մի նոր բան չի առաջարկում Հվ Կովկասում ապաշրջափակման հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վաշինգտոնը մոլորեցնող հայտարարություն է արել՝ պնդելով, թե ունի «եզակի» պլան Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար։

«ԱՄՆ-ն ոչ մի նոր բան չի առաջարկում, բացի նրանից, ինչ արդեն արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող մասնագիտական եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», — ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կանգ է առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով։

Արևմուտքը փորձում է դուրս բերել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային շրջանակից և ծառայեցնել այն իր շահերին։

«Բրյուսելի հերթական բարեպաշտ պատրվակների տակ թաքնված է բացառապես կոնյունկտուրային նպատակ։ Արևմտյան գործիչները ձգտում են խաղաղեցման գործընթացը Բաքվի և Երևանի միջև տեղափոխել իրենց ռելսեր՝ նորից հայտարարելու իրենց քաղաքական հաջողությունների մասին», — նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ Հայաստանը և Ադրբեջանը ձգտում են կառուցողական և փոխընդունելի լուծումների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նման տարածաշրջանային գործընկերների աջակցությամբ, Արևմտյան երկրները միջամտում են այդ գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանային պետությունների շահերը։

Զախարովան ընդգծել է, որ նման միջամտությունները կարող են խարխլել տարածաշրջանի անվտանգության համակարգը և վնասել տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքին։

Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանում գործող տրանսպորտային ենթակառուցվածքը համապատասխանում է ԱՊՀ չափանիշներին, իսկ Հայաստանի համար լրացուցիչ ուղենիշ են ԵԱՏՄ և ընդհանուր մաքսային տարածքի նորմերը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, օրեր առաջ նշել է, որ Միացյալ Նահանգներում նման խնդիրները հնարավոր կլիներ լուծել, օրինակ, ճանապարհը 100 տարով վարձակալելու տարբերակով, ինչը թույլ կտար բոլոր կողմերին օգտվել այդ ճանապարհից, սակայն հավելել է, որ Հարավային Կովկասում մշակութային տարբերությունները նման մոտեցման իրագործումը դժվարեցնում են։