AM
24 Հուլիս 2025 - 15:08 AMT

Օվերչուկ․ ՌԴ–ն մտահոգված է ՀՀ հետ ապրանքաշրջանառության կրճատմամբ

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազման հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մեզ մտահոգում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը, քննարկեցինք, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի այս ոլորտում իրավիճակը բարելավվի», — ասել է Օվերչուկը՝ մեկնաբանելով վարչապետների հանդիպումը։

Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Փաշինյանը ՌԴ–ում է երկօրյա այցով։