AM
25 Հուլիս 2025 - 06:47 AMT

Ուրալօղլու․ Անկարան ձգտում է նպաստել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան ձգտում է նպաստել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Ինչպես նշել է նախարարը, այս պահին Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են անհրաժեշտ բանակցությունները այս ուղղությամբ, գրում է Minval.az-ը։

«Կարծում եմ, որ այս հարցը կլուծվի մոտ ապագայում։ Այդպիսով, կբացվի ավելի կարճ ճանապարհ դեպի Թյուրքական աշխարհ», — ընդգծել է նա։

Բացի այդ, Ուրալօղլուն հավելել է, որ Թուրքիայի համար տրանսպորտային երթուղիների զարգացումը մեծ նշանակություն ունի։

«Ադրբեջանը շարունակում է աշխատանքներն ինչպես ցամաքային, այնպես էլ երկաթուղային հաղորդակցության ուղղությամբ։ Մենք ևս այս տարի սկսում ենք աշխատանքները Կարս–Իգդիր–Նախիջևան գծով», — նշել է նախարարը։

Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։