AM
25 Հուլիս 2025 - 12:01 AMT

ՀՀ–ն ներկայացնող հայդայվեր Ֆեդոտովը վնասվածք է ստացել ԱԱ–ում ցատկից հետո

Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։

Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայդայվինգը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձևերից է, որի ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկները ցատկում են ջուրը 20-27 մետր բարձրությունից։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 11-ին Սինգապուրում և կշարունակվի մինչև օգոստոսի 3-ը։ Նախապես մրցաշարը պետք է անցկացվեր Կազանում, սակայն 2023 թվականի փետրվարին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան՝ World Aquatics-ը, որոշել է այն տեղափոխել։ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցում են չեզոք կարգավիճակով։