AM
25 Հուլիս 2025 - 13:53 AMT

Բաքվում Իսրայելի դեսպան․ Իրանի թուլացումով Հարավային Կովկասն ավելի անվտանգ է դարձել

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել է, թե Իրանի թուլացումով Հարավային Կովկասն ավելի անվտանգ է դարձել:

«Այսօր, թուլացած Իրանի պայմաններում, աշխարհը՝ ներառյալ Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, դարձել է ավելի անվտանգ»,-ասել է նա, գրում է Minval.az-ը։

Դեսպանը հավելել է, որ Իսրայելը գործնականում զրկել է Իրանին նոր բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողությունից՝ խիստ վնաս հասցնելով Իրանի պրոքսի զինված խմբավորումներին, հրթիռային պահեստարաններին և միջուկային ենթակառուցվածքներին։

«Մենք ոչնչացրել ենք իրանական պրոքսիներին, բալիստիկ հրթիռներն ու միջուկային հնարավորությունները»,–ասել է Դիքը։

Նրա խոսքով՝ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորմանը և Գազայում գործող ՀԱՄԱՍ-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը գրեթե վերացրել են Իրանի միջուկային օբյեկտները Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ըստ իրենց տվյալների՝ Իրանը չի կարողացել ժամանակին տարհանել միջուկային նյութերը նշված համալիրներից։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է Թրամփին՝ վնասների չափը դիտավորյալ չափազանցնելու մեջ՝ նշելով, որ ամերիկյան ուժերը «չեն կարողացել իրական վնաս պատճառել»։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի վերջին ավիահարվածների հետևանքով երկրի միջուկային համալիրները լուրջ վնասներ են կրել։