AM
25 Հուլիս 2025 - 14:40 AMT

Փոխնախարար․ ՀՀ–ն դարձել է նորարարության կարևոր հանգույցներից մեկն աշխարհի քարտեզի վրա

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կառավարական օրվա ընթացքում, ներկայացնելով գերատեսչության հիմնական նպատակներն ու հաջողությունները, ասել է, որ Հայաստանը շարունակաբար զարգացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը՝ ձգտելով նորարարությունն առաջ բերել որպես ազգային ինքնության կարևոր բաղադրիչ, հայտնում է Արմենպրեսը։

«Նախարարության գործունեության հիմքում ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությունն է, կիբերանվտանգության խնդիրը, հեռահաղորդակցության հարցերը, ինչպես նաև տիեզերքի հետ կապված արդյունաբերության ոլորտը։ Հայաստանն այսօր դարձել է նորարարության հանգույցներից մեկն աշխարհի քարտեզի վրա՝ լինելով ուժեղ գործընկեր։ Մենք այսօր էլ ինտենսիվորեն աշխատում ենք բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության վրա, ցանկանում ենք նորարարությունը դարձնել ազգային ինքնության տեսակ։ Մեր հիմնական նպատակն է խթանել հետազոտություններն ու առաջընթացը՝ ստեղծելով զարգացման կայուն ուղի**»**,– նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը կարևորել է ստարտափների էկոհամակարգի զարգացումը՝ խթանելով միջազգային գործընկերություն, ներդրումային միջավայր ու մասնավոր սեկտորի ներգրավվածություն։

«Հայաստանն այսօր կապող օղակ է դարձել տարբեր երկրների միջև՝ տարաբնույթ ստարտափների միջոցով։ Այս համաժողովում հյուրընկալել ենք ներկայացուցիչների՝ ավելի քան 40 պետություններից։ ԲՏԱ նախարարությունում փորձում ենք ապահովել ներդաշնակ կապը պետության և մասնավոր սեկտորի միջև, փորձում ենք մարքետինգային նախագծերով սատարել ստարտափերներին և այդ կերպ համախմբել բոլորին։ Հիմնական ուղենիշներից ու ձեռքբերումներից մեկն այս տարվա ընթացքում պետության կողմից ցուցաբերված աջակցությունն էր՝ օրենսդրական փաթեթի տեսքով, որն ուժի մեջ է մտել հունվարի 4-ից։ Օրենսդրական փաթեթն, անշուշտ, սահմանում է ընդհանուր խաղի կանոնները երկարաժամկետ կտրվածքով և ըստ էության հանդիսանում է թիրախավորված աջակցություն»,– ընդգծել է նա։

Սիմոնյանը հավելել է, որ մոտ 120 ստարտափ զգալի աճ է գրանցել նախորդ տարվա ընթացքում՝ շատերը հենց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ից սկսել են իրենց գործունեությունը։ Նա նշել է, որ առաջարկվող հարթակներն ու էկոհամակարգը նպաստում են գաղափարների իրագործմանը՝ շուկա դուրս բերելով նորարարական լուծումներ։

ԲՏԱ փոխնախարարը ներկայացրել է նաև նախարարության գործառնական ուղղությունները, որոնք ընդգրկում են հետազոտական, արտադրական, ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագրերը։ Նա առանձնացրել է «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն է նաև սփյուռքի ներուժի ներգրավումը։

«Բոլորին հայտնի է «գաղափարից՝ բիզնես» կարգախոսը։ «Ներուժ» ծրագրի նպատակն է նաև սփյուռքից կարողությունների ներկրումը։ Տարեվերջին Դիլիջանում նախատեսում ենք անցկացնել մեծ միջոցառում։ Նախորդ տարի մեկնարկեցինք միջազգային ակսելերացիոն ծրագիրը։ Հայաստանն իր դիրքերը երեք կետով բարելավել է միջազգային էկոհամակարգերում։ Այդպիսի միջազգային կազմակերպություններից մեկը ստեղծվեց Հայաստանում։ Միջազգային ակսելերատորներից մեկի կողմից ստացել ենք երկարաժամկետ համագործակցության առաջարկ և հիմա աշխատում ենք եռամյա պայմանագրի վրա»,– հավելել է նա։

Սիմոնյանը նաև կարևորել է արհեստական բանականության ոլորտում տարվող աշխատանքները, որոնց շուրջ կառուցվում են համապատասխան ենթակառուցվածքներ՝ համագործակցությամբ պետական և մասնավոր հատվածների։

«Ունենք զանազան նախաձեռնություններ, որոնք գալիս են և՛ մասնավոր սեկտորից, և՛ պետությունից, որոնք խթանում են ստարտափների էկոհամակարգը։ Եթե կենտրոնանանք մեր հիմնական ռազմավարության վրա, ապա ավելի ուժեղ էկոհամակարգը թույլ կտա Հայաստան բերել ավելի շատ թվով հանրաճանաչ կազմակերպություններ։ Նախարարությունը կարևորում է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի անցկացումը, ուստի այդ նպատակով հատկացրել է 200 միլիոն դրամ։ Մեր սիրտն ու հոգին նույնպես ներդրել ենք համաժողովի աշխատանքներում»,– նշել է փոխնախարարը։

Նա որպես երկրորդ կարևոր ծրագիր առանձնացրել է ինժեներական քաղաքի կառուցումը, որը միավորում է պետական, մասնավոր և ակադեմիական դերակատարներին՝ ստեղծելով ժամանակակից հետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ։

Նրա համոզմամբ՝ բարձրորակ մասնագետների պատրաստման գործում բուհերի ու ոլորտային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունն ունի կենսական նշանակություն։

«Միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ հաճախ մեզ հարցնում են, թե արդյոք ունենք համապատասխան տաղանդներ, մասնագիտացված բարձրորակ կադրեր, հետևաբար, այդ ուղղությամբ մեր համագործակցությունը ուսումնական հաստատությունների և ոլորտային կազմակերպությունների հետ իսկապես ունի կենսական նշանակություն։ Շատ կարևոր է միասին աշխատել, ուստի ԲՏԱ նախարարությունը հաճախակի կազմակերպում է վարժընթացներ ու դասընթացներ, տալիս ենք պրակտիկ և տեսական գիտելիքներ։ Մենք համախմբում ենք տարբեր ոլորտներում մասնագիտացած ստարտափերներին ու կազմակերպություններին»,– եզրափակել է Սիմոնյանը։

Հուլիսի 20-ից Սևանա լճի ափին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը, որը միավորել է տասնյակ երկրներից ժամանած ստարտափներ, ներդրողներ և փորձագետներ։