AM
26 Հուլիս 2025 - 12:39 AMT

Հաջիև․ ՀՀ և Ադրբեջանի միջև առճակատման կամ սրացման սպառնալիքն ակտուալ չէ

Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարը՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման կամ սրացման սպառնալիքն ակտուալ չէ։ Նա այդ մասին ասել է գերմանական «Berliner Zeitung» պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում է աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, գրում է Report.az-ը։

«Երբեմն խաղաղության պայմանագրերը ստորագրվում են պարզապես ֆորմալ կերպով՝ առանց իրական խաղաղություն ապահովելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակը այլ է՝ այստեղ գոյություն ունի իրական խաղաղություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախման կամ սրացման հարցը այժմ օրակարգում չէ։ Մնացել են ընդամենը առանձին վիճելի հարցեր, ինչը լիովին բնական է։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն դիվանագիտությունն ու երկխոսությունը», — նշել է Հաջիևը։

Նա նշել է, որ պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցվել է։

«Սա շատ դրական պահ է։ Այո, մնում են որոշ չլուծված մանրամասներ։ Օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ։ Սահմանադրությունն ամեն երկրի ներքին հարցն է, եթե այն չի առնչվում այլ երկրի անվանը կամ տարածքին։ Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք հուսով ենք, որ հայերը կփոփոխեն Սահմանադրությունը և պաշտոնապես կհրաժարվեն տարածքային հավակնություններից Ադրբեջանի նկատմամբ։ «Մենք հավատում ենք, որ այս հարցի կարգավորումից հետո խաղաղության ճանապարհին այլևս լուրջ խոչընդոտներ չեն լինի», — հայտարարել է նա։

Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։