AM
26 Հուլիս 2025 - 12:45 AMT

Ալիևի օգնական․ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պատմության արխիվ ուղարկել

Ադրբեջանի նախագահի օգնականը և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պատմության արխիվ ուղարկել:

Ըստ նրա, դա դիվանագիտական ֆիասկո էր, գրում է APA-ն։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պատմության արխիվ անցնի։ Դա դիվանագիտական ֆիասկո էր և ամբողջական տապալում։ 30 տարվա ընթացքում Մինսկի խումբը ղեկավարել է այս անհաջող առաքելությունը՝ առանց հակամարտության կարգավորման որևէ իրական հեռանկար ունենալու։ Մենք շատ մոտ ենք խաղաղությանը, առնվազն մեր տարածքներում խաղաղություն է տիրում»,–ասել է նա։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։