Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար, հայտնում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։
Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է մոտ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։
Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով արդեն վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։

Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։
Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝
իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը,
ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։ Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։
Լուսանկարում ներկայացված է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






