Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ներկայացվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 40 վթարային և 13 պլանային հոսանքազրկում։ Հոսանքի մատակարարման տատանումներ չեն գրանցվել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով իր խորհրդական Կամո Արեյանին, հարցրել է․ « ՀԷՑ–ի հետ մեր ծրագիրն ի՞նչ ընթացքում է, մասնավորապես փոքր կենտրոնում իրականացվող ծրագիրը», գրում է Auroranews.am-ը։
«Ծրագիրը շարունակվում է այն ծավալով, ինչ որ քննարկվել, հաստատվել է տարեսկզբին ձեր մոտ։ Որևէ ընդհատում, որևէ հատվածում չի նկատվել, շեղում չկա ծրագրից։ Այժմ իրականացվում է և փոքր կենտրոնի, և ամբողջ մայրաքաղաքի տարածքով ներդրումային ծրագրի իրականացումը։ Փոքր կենտրոնում արդեն մոտ 20-30% ով այս տարվա ծրագիրը իրականացված է, այսինքն ենթակայանների հզորացում, մալուխների փոխարինում և այնուհետև ենթականների վերանորոգում։ Ընթացքի մեջ է ծրագիրը»,- պատասխանել է Արեյանը։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում:
Հուլիսի 23-ին գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը տեղեկացրել է, որ նրա ընտանիքն արբիտրաժային հրատապ գործով հաղթել է ՀՀ կառավարության դեմ։ Ի պատասխան՝ գործադիր մարմինը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ շեշտելով, որ բոլոր սուբյեկտները պետք է առաջնորդվեն ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են արբիտրաժային ակտերի ճանաչման ու կիրարկման կանոնները։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով կառավարության հաղորդումից, վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ և ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որը կադրային փոփոխություններ է արել ղեկավար կազմում։






