AM
28 Հուլիս 2025 - 10:36 AMT

Մարդու իրավունքներ՝ գազի դիմա՞ց․ Ըստ BBC-ի՝ ԵՄ–ին քննադատում են Ադրբեջանի հետ հարաբերությունների համար

2022թ–ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Եվրոպական միության առաջնորդները հենվեցին Ադրբեջանի վրա՝ որպես էներգետիկ գործընկերոջ կարգավիճակ ունեցող երկրի, ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակով: Քննադատները նշում են, որ արդյունքում Ադրբեջանում ուժեղացան լայնածավալ բռնաճնշումները, իսկ ԵՄ‑ն դավաճանեց իր սկզբունքներին՝ չլուծելով գազի հետ կապված խնդիրները։ Այդ մասին ասվում է BBC-ի ծավալուն հոդվածում, որը վերնագրված է․ «Մարդու իրավունքնե՞ր՝ գազի դիմաց․ ԵՄ–ին քննադատում են Ադրբեջանի հետ հարաբերությունների համար»։

«Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քայլում են անձրևի տակ, Ալիևը պահել է անձրևանոցը: Նա մի պետության ղեկավար է, որտեղ անցած երկու տարիների ընթացքում տեղի են ունեցել աննախադեպ քաղաքական ճնշումներ։ Մյուսը՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյա է»,–ասվում է հոդվածում։

Ալիևի քննադատներին վդրովեցրել է նաև մայիսին Տիրանայում նրա ջերմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Կայա Կալասն այցելել էր Բաքու՝ մամուլի դեմ բռնությունների օրերին, երբ փակվեցին ՄԱԿ‑ի և Կարմիր խաչի հիմնական ներկայացուցչությունները երկրում:

Նոր փուլը հարաբերությունների մեջ սկսվել է 2022‑ի հուլիսին, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին հռչակել է «երկիր, որը դարձել է հիմնական գործընկեր՝ ռուսական վառելիքից հրաժարվելու գործում»:

Հաջորդ երեք տարիների ընթացքում Իլհամ Ալիևն արդեն 5–րդ անգամ նախագահ է ընտրվել, իսկ նրա կառավարման ժամկետը գերազանցում է 21 տարին:

«Նրա իշխանությունն ամրապնդվել է Ղարաբաղյան պատերազմում վերջնական հաղթանակից հետո, որը հանգեցրեց ամբողջ հայ բնակչության արտահոսքին տարածաշրջանից:

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հասել է 350‑ի, իսկ անկախ լրագրողներին բանտ են նստեցնում ամբողջ խմբագրություններով:

Անցած տարեվերջին Եվրոպական խորհրդարանը ճանաչել է այս խնդիրները՝ կոչ անելով Եվրահանձնաժողովին իրականացնել անձնական պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և վերջ տալ «կախվածությանն ադրբեջանական գազի ներմուծումից», սակայն խորհրդարանական բանաձևերը միայն խորհրդատվական են և ոչինչ չեն պարտադրում ԵՄ պաշտոնյաներին։

Ադրբեջանական ընդդիմադիրները հիասթափված են, որ եվրոպական պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքները և ժողովրդավարությունը հռչակում են ռազմավարական հետաքրքրություն և ԵՄ պարտավորություն, կարծես թե բացառություն են անում Ադրբեջանի համար։

Բայց որոշ եվրոպացի դիտորդներ առավել լուրջ մեղադրանքներ են առաջ քաշում՝ նշելով, որ ԵՄ‑ն ոչ միայն անտեսում է բռնաճնշումները, այլև՝ եվրոպական քաղաքականությունն է հանգեցրել դրան»,–ասվում է հոդվածում։

Հոդվածում խոսվում է նաև այն խաղաքարտերի մասին, որն ունի Բաքուն ԵՄ‑ի հետ հարաբերություններում, որից առաջինը գազն է։

«Ոմանք դեռ ասում են, որ պետք է կրկին բացենք ռուսական նավթի և գազի փականը։ Դա կլինի պատմական մասշտաբների սխալ։ Եվ մենք երբեք թույլ չենք տա դա»,–ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2025թ․ մայիսի 7–ին։

2022 թվականից առաջ Ռուսաստանին էր բաժին ընկնում Եվրոպական միություն ներկրվող գազի շուրջ 45 տոկոսը։ Ուկրաինա ներխուժումից հետո Եվրամիությունը գիտակցել է այդ կախվածության խոցելիությունը։ Եվ արդեն երկու տարվա ընթացքում ռուսական մասնաբաժինը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով 19 տոկոսի։

Այս արդյունքին հասնելու գլխավոր ուղին եղել է գազի փոխադրման անցումը՝ հեղուկ բնական գազի ծովային ներկրմանը, ինչը հնարավորություն է տվել մեծացնել ներմուծումներն ԱՄՆ-ից, Քաթարից և Եգիպտոսից։

Սակայն իր ներդրումն է ունեցել նաև Ադրբեջանը, որը 2021 թվականի 8.2 միլիարդ խորանարդ մետրից 2024 թվականին հասցրել է իր մատակարարումները գրեթե 13 միլիարդի։

Չնայած նրան, որ ԵՄ ընդհանուր ներկրման մեջ Ադրբեջանի բաժինը համեստ է՝ 4.3 տոկոս, «Հարավային գազային միջանցքով» կապված երկրներում պատկերն այլ է։ Բուլղարիան այդ ճանապարհով ստանում է իր գազի մոտ 40 տոկոսը, իսկ Հունաստանը և Իտալիան՝ ավելի քան 15 տոկոս։

Ուստի, հնարավոր չէ ասել, որ ԵՄ-ն կախված է Բաքվից՝ Բրյուսելի ռազմավարությունը հակառակն է՝ մատակարարումների դիվերսիֆիկացիա։

«Եվրոպայում լույսը չի անջատվի, եթե ադրբեջանական գազը չլինի», — ընդգծել է PRISM խորհրդատվական ընկերության տնտեսագիտական վերլուծաբան Բեն Գոդվինը, որը նաև աշխատում է Հարավային Կովկասի հետ։

Սակայն ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը նշել է, որ ներկայումս ԵՄ-ն չունի լուրջ ճնշման լծակներ Ադրբեջանի նկատմամբ։

«Ադրբեջանը հիմա բավականին հարմար դիրքում է արտաքին ճնշման առումով։ Ես չեմ տեսնում, որ Եվրոպան որպես միավորված ուժ կարող է Բաքվին ասել, որ այլևս չենք գնի նրանց գազը։ Քանի որ իտալացիները, հույները, բալկանյան երկրները կասեն՝ ոչ, չենք կարող, մեզ պետք է ադրբեջանական գազը։ Նման պայմաններում Եվրոպան չունի էական ազդեցություն Ադրբեջանի վրա»,–ասել է նա։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ էներգետիկ համագործակցությունը «չի փոխում կազմակերպության դիրքորոշումը մարդու իրավունքների վերաբերյալ Ադրբեջանում», անկախ ներկա իրողություններից։

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Ռուսաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան մերձավոր գործընկերներ, դաշնակիցներ և երկրներ, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ներկան և ապագան»։

Նշվում է, որ Բաքվի արձագանքը՝ հունիսին Ռուսաստանում երկու ադրբեջանցիների մահվան կապակցությամբ, չնայած բացառիկ չէր, բայց անակնկալ էր երկու երկրների հարաբերությունների համար։

«Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են ռուսական մշակութային միջոցառումները, ձերբակալել «Սպուտնիկ» գործակալության աշխատակիցներին և սովորական ռուսաստանցի ներգաղթյալներին։ Պետական լրատվամիջոցներում Ռուսաստանը համեմատվել է նացիստական Գերմանիայի հետ։

Այս քայլերը սրել են հարաբերությունների ճգնաժամը, որը սկսվել էր դեռ անցած դեկտեմբերին՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո, որն ուղղվում էր Գրոզնի և վթարվել էր Ակտաուի մերձակայքում։

Քաղաքագետների կարծիքով, ներկայիս սրումը մի քանի պատճառ ունի, հիմնականը՝ Բաքվի ձգտումն է հավասարազոր գործընկեր դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բայց դա նաև ուղերձ է Արևմուտքին։

«Ադրբեջանը կառուցում է իր հակապուտինյան կերպարը», — նշել է Կովկասի հարցերով փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը։

Ալիևը միակն էր ԱՊՀ երկրների ղեկավարներից (բացառությամբ Մոլդովայի, որը ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացում է), ով չէր մեկնել Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։

Ալիևը ռուսների գրաված ուկրաինական տարածքներն անվանում է օկուպացված և մարդասիրական աջակցություն է տրամադրում Ուկրաինային։

Կրիվոշեևը համեմատում է Ալիևին Նիկոլաե Չաուշեսկուի հետ՝ դաժան ռումինացի դիկտատորի, ով, չնայած Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերություններին, 1968-ին դատապարտեց խորհրդային ներխուժումը Պրահա։

«Եվ այս պարզ ժեստով նա ստանում էր Արևմուտքի աջակցությունը, այսինքն՝ համագործակցել նրա հետ «անպատիվ» չէր։ Նույնը հիմա անում է Ալիևը՝ երբ Ուկրաինայի վերաբերյալ աջակցող հայտարարությունների համար նրան ամեն ինչ ներվում է»,–ասել է փորձագետը։

Իր հերթին Մոսկվան էլ հանդուրժում է Բաքվին, մասնավորապես այն պատճառով, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ կապելով Ռուսաստանը Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ։ Սա հատկապես կարևոր է՝ Եվրոպայի հետ առևտրի նվազման պայմաններում։ Անցած տարի այդ միջանցքով տարանցումը աճել է 28 տոկոսով։

«Ալիևը փորձառու խաղացող է, ով հմտորեն օգտվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական ճեղքվածքներից», — ասել է Էլդար Մամեդովը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում Ալիևը ներկայանում է որպես օգնական՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու հարցում, իսկ Կրեմլի հետ՝ որպես գործընկեր՝ պատժամիջոցային մեկուսացումը հաղթահարելու համար։

Այս տարի Մոսկվան եւ Բաքուն պայմանավորվել են ընդլայնել «Հյուսիս–Հարավ» միջանցքը։ Այս նպատակների համար Բաքուն միլիարդավոր դոլարներ է ներդնում ենթակառուցվածքների զարգացման մեջ։

Նշվում է, որ 2024թ․ դեկտեմբերի 24–ին Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որտեղ ասվում է, որ «Ադրբեջանը իրականացրել է պլանավորված, չհիմնավորված ռազմական հարձակում […], ստիպելով ավելի քան 100,000 էթնիկ հայերի փախչել Հայաստան, ինչը փաստացի էթնիկ զտում է»։

ԵՄ–Ադրբեջան մերձեցման քննադատ Էլդար Մամեդովի կարծիքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու 2022 թվականին «100 տոկոսով արձակել է Ալիևի ձեռքերը»։ Նրա խոսքով՝ Բրյուսելը գրեթե «անվճար» հրաժարվել է սեփական արժեքներից։

Այս գնահատականը կիսում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետ, ով անանուն է մնացել. «Նրանք տեսնում են, որ բոլորը փորձում են բարեկամանալ իրենց հետ, և օգտվում են դրանից որքան հնարավոր է»։

Նրա խոսքով՝ շրջադարձային պահը եղել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, ինչը խաթարել է միջազգային կարգը և Բաքվին մղել է ուժով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը՝ մի շրջան, որը խորհրդային տարիներին մտել է Ադրբեջանի կազմի մեջ, սակայն անկախությունից հետո անցել է Հայաստանի վերահսկողության ներքո։

Դիվանագետի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները մտածել են, որ «կարող են գնել Արևմուտքը, և այն աչք կփակի, երբ իրենք գրոհեն Ղարաբաղում»։

«2023թ․ սեպտեմբերին Բաքուն ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել կորցրած տարածքների վրա։ Ադրբեջանը կտրականապես հերքում է էթնիկ զտման մեղադրանքները։

Եվրոպացի որոշ դիվանագետներ շարունակում են քննադատել Բաքվի գործողությունները և պահանջում են այցելել քաղբանտարկյալներին, սակայն ինչպես մեկ այլ անանուն աղբյուր նշում է՝ դա «շատ քիչ արդյունք է տալիս»։

«Մեզ դուր չի գալիս տեղի ունեցողը, բայց շատ բան անել չենք կարող», — հավելել է նա։

2025թ․ մայիսին Ադրբեջանը ազատ է արձակել ֆրանսիացի նկարիչ Թեո Կլերկին, ով դատապարտվել էր Բաքվի մետրոյում գրությունների համար։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել են, որ նրան ազատել են Կայա Կալասի անձնական միջնորդությամբ։

Կալասը սա ներկայացրել է որպես «խաղաղ դիվանագիտության» օրինակ՝ հայտարարելով. «Ես կշարունակեմ աջակցել մեր քաղաքացիներին արտասահմանում»։

Սակայն Ադրբեջանի սեփական քաղաքացիների դեմ հարուցված գործերի մասին Կալասը՝ առնվազն հրապարակավ, չի խոսում։

Այս տարվա հունիսին յոթ լրագրող դատապարտվել է 7.5-ից 9 տարվա ազատազրկման։ Նրանցից վեցը աշխատել են մի լրատվամիջոցում, որը հետաքննություններ է իրականացրել Ալիևի բիզնեսների վերաբերյալ։ Իսկ երիտասարդ գիտնական Բահրուզ Սամեդովին, ում մեղադրել են պետական դավաճանության մեջ՝ հայերի հետ հաղորդակցման համար, դատապարտել են 15 տարով։ Ըստ ընկերների՝ նա փորձել է ինքնասպան լինել բանտում։

Եվրոհանձնաժողովը նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է «քաղաքացիական տարածքի նեղացմամբ Ադրբեջանում» և կոչ է անում ազատ արձակել բոլորին, «ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման համար»։

Նրանց ներկայացուցիչը հավելել է, որ ԵՄ-ն «հետևողականորեն է արտահայտում իր մտահոգությունները բոլոր մակարդակներում՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ փակ հանդիպումների ժամանակ», ներառյալ՝ Կալասի այցը Բաքու»,–ասվում է հոդվածում։

Նշվում է, որ 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան պատերազմի հետևանքներից հետո, Ադրբեջանը ստորագրեց Եվրոպա նավթատար կառուցելու պայմանագիր, որը ներկայացվեց որպես «դարի պայմանագիր»։ Նախագահ Հեյդար Ալիևը խոստացավ պայծառ ապագա, երբ երկիրը կընդունի միլիարդավոր նավթադոլարներ։

«Քսան տարի անց նրա որդին ու ժառանգորդը՝ Իլհամ Ալիևը, Հեյդար Ալիևի անվան կենտրոնի բեմում հայտարարեց, որ «դարի պայմանագիրը» թույլ է տվել հաղթահարել աղքատությունն ու գործազրկությունը, ինչպես նաև ներդնել միլիարդներ՝ նախագծերի մեջ, որոնք ամրապնդել են Ադրբեջանի հզորությունը։

Սակայն այսօրվա իրողությունը հեռու է խոստումներից։ Ադրբեջանում միջին աշխատավարձը ամենացածրն է Հարավային Կովկասում։ Քաղաքացիների համար ցամաքային սահմանները փակ են՝ թույլատրվում է միայն ապրանքների անցումը։ Սահմանները փակվել են 2020-ին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով և դրանից ի վեր՝ կարանտինը պարբերաբար երկարաձգվում է։

Համեմատած Վրաստանի և Հայաստանի հետ՝ Ադրբեջանը ունի ամենաբարձր գնաճը հիմնական մթերքների վրա և ամենացածր Մարդկային զարգացման ինդեքսը, որը հաշվի է առնում կյանքի որակը, գրագիտությունը, կրթությունը և երկարակեցությունը։

ԵՄ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Ադրբեջանը հեռատեսորեն չի օգտագործում իր դիրքը։

«Ռուսաստանին անհրաժեշտ են Ադրբեջանը և Կասպից ծովը՝ «Հյուսիս-Հարավ» տարանցքի և Հարավային Կովկասում ազդեցության համար։ Եվրոպային Ադրբեջանը պետք է՝ էներգետիկ մատակարարումների և «Արևելք-Արևմուտք» տարանցքի համար։ Ադրբեջանի ղեկավարության մոտեցումը կարճատես է՝ նրանք կարծում են, որ կարող են ագրեսիվ վարք դրսևորել բոլորի հանդեպ, և ոչ մի պատասխան չստանալ»,–ասել է նա։

Մայիսի 16-ին, այն օրը, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպում էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին Տիրանայում, Բաքվում դատարանը կալանքի տակ է թողել լրագրող Ուլվիա Ալիին, ով համագործակցում էր «Ամերիկայի Ձայնի» հետ։ Նա պատմել էր ոստիկանությունում ծեծի եւ բռնաբարության սպառնալիքների մասին»,–ասվում է հոդվածում։