Սկանդինավիայի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «ոտնահարելով օրենքն ու բարոյական բոլոր չափանիշները, շարունակում է իր քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու եւ իր ընդդիմադիրների դեմ»։
Նշվում է, որ «ՀՀ ուժային մարմիններն արդարադատական համակարգի հետ միասին վարչապետի ձեռքում դարձել են քաղաքական հալածանքներ իրականացնող գործիք՝ Հայաստանը դարձնելով բռնապետություն»,–գրում է Aravօt.am-ը։
«Այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հանրային կերպով սատարեց եկեղեցուն, նրան կալանավորեցին։
Ապա բանտարկվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ իր տասներկու աջակիցները՝ մեղադրվելով հեղաշրջման մեջ։
Այս ամենին նախորդել էին անհիմն խուզարկությունները, ակնհայտ բեմադրված գործողություններն ու շինծու մեղադրանքները։ Իր խոսքի համար հունիսի 28-ին կալանավորվեց նաև Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա ձերբակալությունն ուղեկցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի նկատմամբ ամոթալի ոտնձգությամբ։
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս հետապնդումների նպատակներն ակնհայտ են. ա․ լռեցնել ընդդիմախոսներին,
բ․ համատարած վախի մթնոլորտ ստեղծել հասարակ ժողովրդի շրջանում,
գ․ զավթել Հայ Առաքելական Եկեղեցին,
դ․ վերջնականապես պառակտել հայ ժողովրդին,
ե․ ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները։
Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները եւ եւս մեկ անգամ դիմում բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ի և հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծված այս սառը պատերազմում»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






