AM
29 Հուլիս 2025 - 14:42 AMT

Քննարկվել են Երևանում խմելու ջրի և ջրահեռացման խնդիրներին առնչվող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, ինչպես նաև մի շարք ոլորտային մասնագետների մասնակցությամբ։

Անցկացվել է աշխատանքային քննարկում՝ միտված Երևանում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարձրացմանը։

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ջրանջատումների առկա խնդիրներին, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հնարավորություններին։

Քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ օրակարգում ներառվել է նաև ամբողջ հանրապետությունում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման նախագիծը։

Ներկայացվել են 2025 թվականի փետրվարի 13-ի կառավարության 143-Ն որոշմամբ հաստատված քայլերը՝ միտված հանրապետության տարածքը բաժանելու աղբահանության երեք գոտու և դրանցում ինտեգրված համակարգի գործարկմանը։

Այս համատեքստում նախարարությունը առաջարկել է Երևանի կոշտ թափոնների կառավարման բարեփոխումները դիտարկել ընդհանուր ինտեգրված համակարգի ներդրման ծրագրի շրջանակում՝ ապահովելու համակարգային մոտեցում ամբողջ երկրի մասշտաբով։

Հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը և ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության ու կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։