AM
29 Հուլիս 2025 - 14:50 AMT

«Կրասնոդարը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Սպերցյանին՝ ավելի լավ պայմաններով

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը մտադիր է պահել իր առանցքային խաղացող Էդուարդ Սպերցյանին թիմում՝ չնայած նրան, որ վերջինս հայտնվել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետաքրքրությունների դաշտում։

Հաղորդվում է, որ Անգլիայի Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Սաութհեմփթոնը» պատրաստ է «ցլերին» առաջարկել 12.5 միլիոն եվրո Սպերցյանի տրանսֆերի դիմաց, գրում է euro-football.ru-ն։

Metaratings պարբերականի տեղեկություններով՝ «Կրասնոդարի» ղեկավարությունը ծրագրում է ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր՝ ավելի լավ ֆինանսական պայմաններով։ Սպերցյանի ներկայիս պայմանագրի ժամկետը ավարտվում է մեկ տարուց։

«Կրասնոդարի» սան Սպերցյանը նախորդ մրցաշրջանում նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը՝ իր հարազատ ակումբի կազմում։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 11 գոլի հեղինակ և կատարել 7 գոլային փոխանցում։

Նոր սկսված մրցաշրջանում Սպերցյանն արդեն աչքի է ընկել մեկ գոլով և երկու գոլային փոխանցմամբ՝ առաջին երկու տուրերում։