Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում պատրաստ է ճանաչել Պաղեստինի պետությունը, եթե Իսրայելի կառավարությունը չձեռնարկի վճռական քայլեր Գազայի գոտում հումանիտար ճգնաժամը դադարեցնելու ուղղությամբ։
Վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հուլիսի 29-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ճանաչումը տեղի կունենա այն դեպքում, եթե Իսրայելը չսկսի իրավիճակի կայունացման գործողություններ, այդ թվում՝ բնակչությանը հումանիտար օգնության վերականգնում, և չստանձնի երկարաժամկետ խաղաղ կարգավորման պարտավորություններ։
Լոնդոնը նաև պահանջել է, որ Իսրայելը հստակ հայտարարի իր հրաժարումը Հորդանանի Արևմտյան ափի տարածքների բռնակցումից, գրում է Deutsche Welle-ն։
ՀԱՄԱՍ-ից Լոնդոնը պահանջել է․ 2023թ․ հոկտեմբերի 7-ին գերեվարված իսրայելցի պատանդների անհապաղ ազատում, հրադադարի համաձայնագրի ստորագրում, պաշտոնապես հայտարարում, որ այդ կազմակերպությունը «չի ունենա որևէ դերակատարում Գազայի կառավարման մեջ», ինչպես նաև «ստանձնել պարտավորություն զինաթափման վերաբերյալ»։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների շուրջ մեկ երրորդը կոչ էին արել Քիր Սթարմերին ճանաչել Պաղեստինը՝ որպես ինքնիշխան պետություն։
Վարչապետի խոսքով՝ պաղեստինյան պետականության ճանաչումը ոչ միայն պաղեստինցի ժողովրդի անքակտելի իրավունքն է, այլև Իսրայելի երկարաժամկետ անվտանգության նախապայմանը։
«Այն չի պատկանում ոչ մի հարևան երկրի, ինչպես նաև անհրաժեշտ է Իսրայելի երկարաժամկետ անվտանգության համար»,–ասել է նա։
Մինչ Գլխավոր ասամբլեայի մեկնարկը, Մեծ Բրիտանիան մտադիր է գնահատել կողմերի առաջընթացը ներկայացված պայմանների կատարման ուղղությամբ։
Լոնդոնը հայտնել է նաև, որ Հորդանանի հետ համատեղ սկսել է օդային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնել Գազա, ինչպես նաև պաղեստինցի վիրավոր երեխաներին տեղափոխել բուժման Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում։ Հայտարարության մեջ նշվում է, որ «ինքնին ճանաչումը (Պաղեստինի պետականության. – խմբ.) չի փոխի իրավիճակը տեղում»։
«Մենք նաև կարծում ենք, որ հրադադարը երկար չի տևի առանց շտապ քայլերի՝ Գազայի կառավարման և անվտանգության ուղղությամբ, ինչպես նաև առանց երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարի։ Հետևաբար՝ մեր հիմնական դաշնակիցների հետ համատեղ մենք մշակում ենք երկարաժամկետ քաղաքական բանակցությունների և երկու պետությունների լուծման ծրագիր», – եզրափակել են Լոնդոնում։






