AM
30 Հուլիս 2025 - 11:26 AMT

ՌԴ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական կայքում նշված է, որ Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով։

Նրա քարտում նշվում է․ «Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է ՔՕ հոդվածով»։ Սակայն, թե կոնկրետ ինչ հոդվածով է Շիխլինսկին հետախուզվում, չի հստակեցվում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հուլիսի սկզբին Սվերդլովսկի մարզային ազգային-մշակութային հասարակական կազմակերպության՝ «Ադրբեջան-Ուրալ»-ի նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել էր։ Ավելի ուշ, տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, նրան ազատ են արձակել։ Միևնույն ժամանակ, հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես նրա որդին՝ Մութվալին, «Mercedes»-ի ղեկին լինելով և հետընթաց կատարելիս, կարող էր վրաերթի ենթարկել օպերատիվ աշխատակցին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Մոսկվայի շրջանի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանի տարածքից։Մի քանի օր առաջ Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27–ին հաղորդել է, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է 6 կասկածյալ, որոնց մեղադրում են անցյալ տարիներին մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ։ Ըստ քննության, նրանք «մաս են կազմել էթնիկ հանցավոր խմբավորման» և մասնակցել են 2001, 2010 և 2011 թվականներին սպանությունների և սպանության փորձերի։

Ստացված նախնական տվյալներով՝ մեկ անձ մահացել է սրտային անբավարարությունից, երկրորդի մահվան պատճառները կպարզվեն հետագայում: Տղամարդկանց մարմինները տեղափոխվել են Եվկատերինբուրգից Բաքու, որտեղ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ ադրբեջանական կողմի, արձանագրել է բռնության հետքեր, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմի հասցեին: